Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ինչո՞ւ երեխան չիմանա, որ հայրենիքը ամենաթանկն է»

«Ինչո՞ւ երեխան չիմանա, որ հայրենիքը ամենաթանկն է»
31.01.2017 | 11:50

Մանկական գրականությունը մեծ պահանջարկ է վայելում: Էքզյուպերին, Թումանյանը մշտապես ամենապահանջված հեղինակներն են: Հայտնի հեքիաթները` գունեղ նկարազարդումներով, գունավորելու գրքերը նույնպես գրավում են գնորդներին: Իսկ արդյոք ուշադրության կենտրոնո՞ւմ են ժամանակակից հեղինակները, ի՞նչ գիտենք մեր կողքին ապրող մանկագիրների մասին: Ինչպիսի՞ն են նոր ստեղծվող գրքերը, հասնո՞ւմ են իրենց հասցեատերերին` փոքրիկ ընթերցողին: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք մանկագիր, «Եթեր» շաբաթաթերթի պատասխանատու խմբագիր ԳԱՅԱՆԵ ԵՆԳՈՅԱՆԻ հետ:
Գայանե Ենգոյանը հեղինակ է բանաստեղծական երկու գրքույկի` «Երազբերուկ թզուկը» և «Այբուբենը մեր այգում»: Վերջինը «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում 2013-ին արժանացել է Orange մրցանակի և հրատարակվել որպես մրցանակակիր: Գրքի առաջաբանում մանկագիր Սուրեն Մուրադյանը նշում է. «Տարիներ առաջ Գայանե Ենգոյանը հրատարակեց իր մանկական բանաստեղծությունները, ժողովածուն խմբագրել էի ես` համոզված լինելով, որ հեղինակն օժտված է բանաստեղծական շնորհով: Եվ ես չսխալվեցի: Հաջորդ տարի Գայանե Ենգոյանը հանդես եկավ մանկական նոր բանաստեղծություններով, որոնք պարբերաբար տպագրվեցին «Եթեր» շաբաթաթերթում: Հեղինակի նոր բանաստեղծություններն աչքի են ընկնում հետաքրքիր ու թարմ մտահղացումներով, բանաստեղծական պատկերավոր մտածողությամբ»:

-Տիկին Ենգոյան, Սուրեն Մուրադյանը գրքի առաջաբանում նկատում է նաև, որ Ձեր ամեն մի բանաստեղծություն ուսանելի դաս է, դաստիարակչական խորհուրդ ունի: Ինքնաբերաբա՞ր է ստացվում, թե՞ դաստիարակչական, ճանաչողական խնդիր է դրվում ի սկզբանե:
-Նման խնդիր դրվում է. երևի այդպես պիտի լինի, եթե գրում ես մանուկների համար: Իսկ ես սկսել եմ գրել և գրում եմ մեր թերթի փոքրիկ ընթերցողների համար: Ճիշտ է, ստեղծագործել եմ շատ վաղ հասակից, երբ դեռ դպրոց չէի գնում: Մայրիկս նկատում է, որ ես քառատողեր եմ հորինում, ու գրի է առնում: Դպրոցական եղբորս հետ մանկական գրադարան եմ հաճախել. գրադարանի ամենափոքրիկ ընթերցողն էի: Այնտեղ էլ մի հանդիպման ժամանակ, որին ներկա էր Սուրեն Մուրադյանը, արտասանել եմ իմ բանաստեղծություններից: Նա իմ մասին փոքրիկ մի հոդված է գրել «Պիոներ կանչ» թերթում: Տարիներ անց մեր բարեկամությունը վերականգնվեց: Իսկ ես դպրոցից հետո այլևս չէի ստեղծագործում: Շատ տարիներ անց աշխատանքի անցա «Եթեր» թերթում, տարեցտարի թերթի էջերն ավելացան, ու մենք որոշեցինք մանկական էջ էլ ունենալ: Հենց «Զանգակ» էջի համար էլ գրեցի առաջին բանաստեղծությունները, որոնք հետո ամփոփվեցին երկու փոքրիկ ժողովածուում: ՈՒզում եմ, որ ամեն բանաստեղծություն ոչ միայն լավ տրամադրություն ստեղծի, պատկերավոր լեզու ունենա, այլև օգնի ճանաչելու, բացահայտելու աշխարհը. մի դեպքում երեխան կսովորի ծիածանի գույները, մյուս դեպքում` նոտաները, երրորդ բանաստեղծությունը կարդալով` կմտապահի մատների անունները:
-Մանուկների առօրյան, հոգեբանությունը արտահայտելու համար ի՞նչ է պետք. դիտել նրանց աշխա՞րհիը, մտնել այդ աշխա՞րհը, թե՞ պարզապես տարիների հետ չհեռանալ մանկությունից:
-Փորձում եմ չհեռանալ: Իհարկե, այսօր ուրի՜շ երեխաներ են ծնվում, բայց աշխարհընկալման նախնական փուլում նրանք էլ, կարծում եմ, ծաղկի բացվելով, զատիկի թռչելով, թռչնակի ծլվլոցով հիացող փոքրիկներ են: Ես ուզում եմ այդ աչքերով նայել աշխարհին, նրանց հետ շարունակել զարմանալ: Ինչքա՞ն է հաջողվում` չգիտեմ, բայց եթե երեխաները հաճույքով լսում են, կարդում, երբեմն անգիր սովորում, մտածում եմ, որ ինչ-որ բանում հաջողել եմ: Առաջին գիրքս ձևավորել են Գեղագիտության ազգային կենտրոնի սաները: Եթե բանաստեղծությունը դուր չգար, 6-7 տարեկան երեխան հազիվ թե ստիպողաբար ինչ-որ բան նկարեր: Ես սիրում եմ նաև աննկատ հետևել երեխաների խաղին ու խոսքին, և կան բանաստեղծություններ, որ հենց փոքրիկների խոսքից են ծնվել, նվիրված են կոնկրետ մարդկանց: Մեծ թվով բանաստեղծություններ գյուղի մասին են ու էլի ծնվել են անմիջական տպավորություններից. մանկությանս տարիներին հաճախ եմ մեկնել գյուղ` տատիկ-պապիկիս մոտ, և վերջին տարիներին էլ շատ ժամանակ եմ անցկացրել գյուղում գտնվող մեր ամառանոցում: Այդ գործերը կարդալով` քաղաքում ապրող երեխաները կճանաչեն, կսիրեն գյուղը, գյուղում ապրող փոքրիկներն իրենց շրջապատող երևույթներին, իրենց առօրյա զբաղմունքներին կնայեն փոքր-ինչ այլ հայացքով:
-Սուրեն Մուրադյանը ցավով նշում է, որ վերջին տարիներին ստեղծվել է մի անհանգստացնող իրավիճակ: Մեջբերում եմ. «Խիստ պակասել է մանկագիրների թիվը: Այս իմաստով մենք պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք այն մանկագիրներին, ովքեր ունեն աստվածատուր շնորհ, թարմ մտածողություն, ստեղծագործական հուսալի հեռանկարներ: Գայանե Ենգոյանը հենց այդ հուսատու մանկագիրներից է»: Որքանո՞վ է անվանի մանկագրի այս հորդորը իրագործվում: Ինչպե՞ս են, օրինակ, Ձեր գործերը հասնում մանուկ ընթերցողին:
-Հիմնականում «Եթեր» թերթի միջոցով: Սիրով ընթերցում են նաև հարազատներիս, ընկեր-ընկերուհիներիս երեխաները, թոռնիկները: Գրախանութներում շատ քիչ են վաճառվում: Կարծում եմ` պատճառն այն է, որ հեղինակին չեն ճանաչում: Հիմնականում նվիրում եմ: Երբ լույս տեսավ երկրորդ գրքույկը, շնորհանդես կազմակերպեցինք Գեղագիտության ազգային կենտրոնում` ի նշան առաջին գրքույկի ստեղծման ժամանակ ծնված բարեկամության: Հետաքրքիր կապ կա Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի հետ, որը հայրիկիս ծննդավայրն է: Տեղի դպրոցի աշակերտները «Այբուբենը մեր այգում» բանաստեղծությունն ընդգրկել էին իրենց «Այբբենարանի» հանդեսի ծրագրում: Ես հանդիպել եմ նրանց հետ, գրքեր նվիրել: Այս տարի ինձ համար հաճելի անակնկալ էր ընկերներիս` Պրահայի հայկական դպրոցի հիմնադիր, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արմեն Քոլոյանի և նրա կնոջ` լրագրող Շուշան Ղազարյանի նախաձեռնությունը. դպրոցի տնօրենությունը «Այբուբենը մեր այգում» գիրքը որպես Ամանորի նվեր բաժանեց սաներին: Շատ լավ նախաձեռնություն էր «Գրքախառնությունը», որին, ափսոս, չկարողացա մասնակցել: Հավանաբար, նման միջոցառումներ պետք է հաճախ կազմակերպվեն և ավելի մեծ սրահներում, որ գիրքը տեղ հասնի:
-Կարծում եմ` դրական եք վերաբերվում նաև գրական մրցույթներին:
-Այո, եթե Orange մրցույթի շրջանակում գիրքս չտպագրվեր, ես չգիտեմ, թե այն երբ կներկայացնեի ընթերցողի դատին:
-Եթե մանկագիրները քիչ են, մանկական գրականության պահանջարկը` շատ, կարծում եմ, բազմազանությունը, նոր անունները պիտի գրավեն ընթերցողին: Մինչդեռ գիրքը հրատարակելու խնդիր կա նաև:
-Մեր թերթում, նաև մանկապատանեկան այլ պարբերականներում ճանաչված մանկագիրները ներկայացվում են, նրանք մեր լավ բարեկամներն են: Նոր հեղինակներ բացահայտելու հարցում, կարծում եմ, պետք է նախանձախնդիր լինեն մանկական հրատարակչությունները, երևի թե ժամանակ առ ժամանակ պիտի մրցույթներ կազմակերպեն: Եթե մանկական գիրքը նկարազարդ, գունեղ չլինի, չի գրավի երեխային: Այդպիսի գիրք տպագրելը մեծ ծախսեր է պահանջում, և ոչ մի երաշխիք չկա, որ հետո կկարողանաս իրացնել:
-ՈՒնե՞ք ժողովածուներ, որ հրատարակության են սպասում:
-Պատրաստ է մեր այբուբենին նվիրված նոր գրքույկ: Ես իսկապես ուզում եմ, որ երեխան այբուբենն իր առաջին թոթովանքից իմանա: Գրել եմ «Առաջին դասարանցին» բանաստեղծությունը, որի փոքրիկ հերոսը, պատրաստվելով «Այբբենարանի» հանդեսին, փորձում է ընտրել իր ապագա մասնագիտությունը՝ այբուբենի ամեն տառով մի մասնագիտություն թվարկելով: ՈՒնեմ անտիպ շարք, որի ամեն քառյակ կամ ութնյակ սկսվում է այբուբենի հերթական տառով, և տվյալ բանաստեղծության մեջ հենց այդ տառով սկսվող հնարավորինս շատ բառեր են գործածվում.
-Ո՞Ւր են գնում ուլիկները
ուրախ-ուրախ:
-Հյուր են գնում ուլիկները
առավոտ վաղ:
Սարի ուսին` ուռենու
տակ, տունն է այծի:
Հենց նրան են ուլիկները
գնում այցի:
Բանաստեղծական այս հնարքին շատերն են դիմել և, կարծում եմ, որքան շատ, այնքան լավ: Մտադիր եմ այդ գործերը միավորել «Այբբենարանի հանդես» ժողովածուում: 2016-ին կապիկների մասին շարք էի գրել, այս տարի արդեն աքաղաղի մասին շարք ունեմ.
«2017-ը աքաղաղի տարի է,
Աքաղաղի ծուղրուղուով
բացվող օրը բարի է...»:
Մտածում եմ` ըստ արևելյան օրացույցի, ամեն տարվա տիրոջը նվիրված բանաստեղծական աշխույժ, ճանաչողական շարքեր գրել:
-«Այբուբենը մեր այգում» գիրքն ավարտվում է սիրո պատմությամբ` «Թիթիզն ու Միթիզը» բանաստեղծությամբ: Կարծում եմ` պատահական չէ ընտրությունը:
-Թզուկներն իմ սիրելի կերպարներն են: Առաջին գրքույկս կոչվում է «Երազբերուկ թզուկը»: Միթիզը իմ հեքիաթի մի թզաչափ հերոսն է: Թիզը բառը ես տեսա նաև «թիթիզ» բառում ու մտածեցի դարձնել զույգ` Թիթիզ-Միթիզ: Ամեն հեքաթ ի վերջո նաև սիրո պատմություն է: Թիթիզի ու Միթիզի պատմությամբ երեխան կիմանա, որ մարդիկ հանդիպում են, ճանաչում, սիրահարվում, կիմանա նաև, թե ինչ արժանիքների համար կարելի է սիրել:
-Գրքում կան բանաստեղծություններ հայրենիքի պաշտպանության, Արցախյան ազատամարտի մասին («Տիգրանի երազանքը», «Արցախի վեհ թագուհին»): Այս թեմաներին պե՞տք է ծանոթացնել մանկուց: Կարծես ապրիլյան դեպքերից հետո վերարժևորեցինք մեր պայքարը, ազատամարտը, սերունդներին կրթելու կարևորությունը:
-Կան էլի բանաստեղծություններ, որոնք գրքույկում ընդգրկված չեն, բայց թերթում տպագրվել են` «Մեր հաղթանակների մայիսը», «Փոքրիկ Արեգի մասին» բանաստեղծությունները: Արեգի ծնողները դերասաններ են, հաճախ են նրան թատրոն տանում, երազում են, որ նա էլ դերասան դառնա, բայց.
Փոքրիկ Արեգը հենց որ լավ
խոսի
Հայրիկ-մայրիկին անպայման կասի.
-Գնդապետ պապիս անվախ թոռնիկն եմ,
Հայոց բանակի քաջ
զինվորիկն եմ:
Նկատած կլինեք` 3-4 տարեկան երեխաները շքերթի ժամանակ ի՜նչ հիացմունքով են նայում զինվորներին, ռազմական մեքենաներին: Մեր զինվորներն իրենց կյանքի գնով ապահովում են մեր խաղաղ կյանքը: Ինչո՞ւ երեխան չիմանա, որ հայրենիքը ամենաթանկն է, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ